Երևանի և Բաքվի միջև կնքված հաշտության պայմանագիրն ավելի բարձր իրավական ուժ կստանա, քան ցանկացած ներքին օրենք, «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Նա այսպես է մեկնաբանել Ադրբեջանի կողմից հնչեցրած ռազմատենչ հռետորաբանությունը։
Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երևանը «պետք է ընտրություն կատարի»՝ կարգավորման գործընթացն ավարտելու կամ «բոլոր ուղղություններով առճակատումը շարունակելու» միջև։
«Երբ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիրն ստորագրվի, ՍԴ-ի կողմից ստանա Սահմանադրությանը համապատասխանելու մասին եզրակացություն և վավերացվի ՀՀ Ազգային ժողովում, այն կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք»,- պարզաբանել է ԱԳՆ խոսնակը։
Հետևաբար, ըստ Բադալյանի, խաղաղության պայմանագրի ստորագրումը կփարատի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի բոլոր մտահոգությունները երկու երկրների օրենսդրական տարբեր ակտերի վերաբերյալ, եթե այդպիսիք կան։
««Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում կա հոդված այն մասին, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են այդպիսի պահանջներ չառաջադրել ապագայում: Կա նաև հոդված, որ կողմերից որևէ մեկը խաղաղության պայմանագրի իրագործումը ձախողելու համար չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը»,- եզրափակել է նա:
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ընդգծել էր, որ ագրեսիվ հռետորաբանության փոխարեն պետք է կենտրոնանալ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցը շուտափույթ լուծելու և մյուս հարցերի շուրջ ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղության պայմաններում բանակցելու վրա։
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցին, մեղադրել Երևանին «լայնածավալ սպառազինության» մեջ և ասել, որ ինքը «նախազգուշացնում է Հայաստանին վերջ տալ այս վտանգավոր խաղերին»։ Նա հայկական կողմին մեղադրել էր «մի կողմից խաղաղության մասին խոսելու, մյուս կողմից՝ սպառազինություն ձեռք բերելու մեջ»։