Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի վնասը գերազանցում է 800 մլն դրամը, Armenia Today-ին հայտնել է «Դոմուս» ՓԲԸ տնօրեն Մհեր Միրզախանյանը։
Ընկերության ղեկավարն ընդգծել է, որ նշված գումարը միայն շենքում առկա ապրանքների արժեքն է։
«Վնասի չափը շատ է։ Մասնագետներն աշխատում են, որպեսզի ավելի հստակ չափ սահմանեն, բայց խոսքը կարող է գնալ 800 և ավելի մլն դրամի մասին, դա միայն ապրանքի մասին է խոսքը»,- ասել է նա։
Խոսելով հրդեհի բռնկման պատճառի մասին՝ տնօրենը նշել է, որ տարբեր վարկածներ կան, ավելի հստակ մասնագետները կարող են ասել։ Նրա խոսքով՝ հակահրդեհային համակարգն աշխատել է։
«Վարկած կա, որ հոսանքից է բռնկվել, բայց հիմնավոր է, թե ոչ՝ չեմ կարող ասել։ Հրդեհի բռնկման աղբյուրը պարզելու համար պետք է փորձաքննություն կատարվի։ Դեպքի մասին տեղեկացրել է խանութի ղեկավարը, փորձել են ինքնուրույն հանգցնել կրակմարիչով, չի ստացվել, որից հետո ահազանգել են ԱԻՆ։ Աշխատել է նաև ծխի հակաազդանշանային նշանը, որի միջոցով մեր պաշտոնյան տեղեկացել է, որ խնդիր կա»,- մանրամասնել է նա։
Ավելի ուշ տարածված հայտարարության մեջ «Դոմուս»-ի ղեկավարությունը հայտնել էր, որ հրդեհի առաջացման պատճառը դեռևս հայտնի չէ։ «Հրդեհի արագ տարածման պատճառն, ամենայն հավանականությամբ, տարածքի ներքին երեսպատման նյութերի դյուրավառությունն էր: Հրդեհի առաջացման պատճառն առայժմ հայտնի չէ, այն պետք է հաստատվի հարուցված քրեական վարույթի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ, ըստ «Դոմուս» ՓԲԸ-ի ականատես աշխատակիցների, ամենայն հավանականությամբ, հրդեհն առաջացել է էներգամատակարարման հանգույցից, որը միացված էր շենքի տանիքում տեղակայված արևային կայանին։
Անդրադառնալով փոխհատուցման մասին հարցին՝ տնօրենը շեշտել է, որ այն կախված է հրդեհի պատճառից։ Միրզախանյանը հայտնել է, որ խանութը վարձակալված է 2024թ․ մարտից և այդ ընթացքում ոչ մի ստուգում չի անցել, «որևէ ակտի կարիք չկար»։
Միրզախանյանը նշել է, որ կնքվել է վարձակալության պայմանագիր, որի հիման վրա վարձակալության վկայական են ստացել ու շահագործել։ «Ոչ մի անօրինական բան չենք արել ու վարձակալության պայմանագրին համապատասխան շահագործել ենք տարածքը, գույքը»,- ավելացրել է նա։
Տնօրենը նաև հավելել է, որ աշխատողները և հաճախորդները չեն տուժել։ «Աշխատողները շատ օպերատիվ, տարհանման սխեմային համապատասխան են գործել։ Բնականաբար, հաճախորդներ կային խանութում, ոչ մեկին ոչ մի բան չի պատահել։ Մի քանի աշխատակից թեթև ծխահարվել է, շտապօգնությունն օգնել է, բոլորը ողջ-առողջ են»,- ասել է Միրզախանյանը։
Քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից Armenia Today-ին հայտնել էին, որ «Դոմուս» խանութը տեսչական մարմնից ավարտական ակտ չի ունեցել։ «Շինությունն ավարտական ակտ չունի նախկինում կառուցված լինելու և պետական գրանցում ստանալու հիմքով»,- ասել էր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանը։
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 15։23-ին։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը Armenia Today-ին հայտնել էր, որ հրդեհի նախնական պատճառը կարող էր լինել հոսանքազրկումը։