Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը, գրել է «Հրապարակ»-ը։
Թերթի տեղեկությամբ՝ ՔՊ պատգամավորները դեռ չգիտեն, թե կանոնակարգի քննարկումը երբ է ԱԺ օրակարգ մտնելու։ Ըստ թերթի՝ Բաքուն չի հրապարակել կանոնակարգի տեքստը և հայտնի չէ, թե Միլի մեջլիսը երբ կքննարկի այն։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանն Armenia Today-ին հայտնեց, որ ԱԺ-ն ստացել է հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը վավերացնելու կառավարության առաջարկը։ Քննարկման ժամկետների ու ընթացակարգերի մասին Հարությունյանը տեղեկություն չհաղորդեց։
Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԳՆ հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանն ստորագրել են Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 5-ին հաստատել էր Ադրբեջանի հետ սահմանագծման հանձնաժողովների մասին կանոնակարգի վավերացման նախագիծը։
Սեպտեմբերի 26-ին ՍԴ-ն վճռել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։