Քննչական կոմիտեն վարույթ է հարուցել Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետում հրդեհի բռնկման փաստով, հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ըստ նրա՝ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարվա ժամկետով)։
Ըստ գերատեսչության ներկայացուցչի տվյալների՝ կատարվում է նախաքննություն՝ հրդեհի առաջացման պատճառները, պատճառված գույքային վնասի իրական չափերը, ինչպես նաև հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Աբրահամյանը հաստատել է Դոմուս ՓԲԸ-ին նախնական տվյալներով 800 մլն դրամի գույքային վնաս պատճառելու փաստը, որի մասին հոկտեմբերի 7-ին Armenia Today-ին հայտնել էր ընկերության տնօրեն Մհեր Միրզախանյանը։
Հոկտեմբերի 7-ին հայտնի էր դարձել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Դոմուս» հիպերմարկետի տարածքում։ Հրդեհի մասին տեղեկությունը ՆԳՆ-ում ստացվել էր ժամը 12։57-ին, փրկարարները հրդեհի բարդության 3-րդ աստիճան էին հայտարարել (հինգ բալանոց սանդղակով): Հրդեհի մարմանը մասնակցել էր փրկարարների 17 մարտական հաշվարկ, 6 օպերատիվ խումբ, 2 ավտոսանդուղք։ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հրդեհը մեկուսացվել էր ժամը 15:23-ին, մարվել՝ 16:11-ին։ Իշխանությունների տվյալներով՝ հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել էր երկհարկանի շինությունը՝ շուրջ 3000 քմ։