Ռուսաստանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը մինչև 2024 թվականի վերջ կարող է հասնել 14-16 միլիարդ դոլարի և ռեկորդային դառնալ, ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Անցյալ տարի շրջանառությունը հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է երկուսուկես անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը։ Եթե նման տեմպերով շարժվենք, նշանակում է, որ այս տարվա ապրանքաշրջանառությունը կարող է կազմել 14-16 մլրդ դոլար։ Սա ռեկորդային ցուցանիշ է»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա նշել է, որ Փաշինյանին սպասում է հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ Պուտինի խոսքով՝ գագաթնաժողովին «շատ շփումներ» են նախատեսվում։
Ռուսաստանի նախագահը կոչ է արել լրացնել Հայաստանի հետ հումանիտար համագործակցության «բաց թողնված պահերը», այդ թվում՝ կրթական ոլորտում։
Պուտինը Ռուսաստանին անվանել է Հայաստանի տնտեսության առաջատար օտարերկրյա ներդրողն ու հիշեցրել կուտակված 4 միլիարդ դոլարի ներդրումների մասին։
«Նիկոլ Վլադիմիրովիչը կարծում է, որ այստեղ պետք է ավելացնել մի քանի բաց թողնված պահեր՝ կապված կրթական ոլորտում համագործակցության հետ»,- եզրափակել է նա։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ ԵԱՏՄ երկրների հետ հանրապետության ապրանքաշրջանառությունը 2023 թվականին աճել է 41 տոկոսով՝ կազմելով 5,7 միլիարդ դոլար։ Քերոբյանի խոսքով՝ զգալի աճ էր գրանցվել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ, սակայն Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը։
Սեպտեմբերին Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը հայտարարել էր, որ Հայաստանի և ԵԱՏՄ միջև ապրանքաշրջանառությունը տարեսկզբին աճել է 7,3 տոկոսով։