ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնության են եկել, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով, հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին շնորհակալություն է հայտնել ՀՀ անկախությունից ի վեր Հայաստանի և Իրանի միջև պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար»,- ասվում է Բաղդասարյանի հայտարարության մեջ:
Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության ներկայացուցիչները Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հետ միասին Թուրքիայի և Իրանի հետ երկրի սահմանները հսկում են 1992 թվականի համաձայնագրի հիման վրա։ Հուլիսի 31-ին ռուս սահմանապահները 32 տարվա ծառայությունից հետո ավարտել էին իրենց ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
Բաղդասարյանը նաև հայտնել է, որ Փաշինյանը և Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը։
Ըստ վարչապետի մամուլի խոսնակի` Փաշինյանը դրական է գնահատել ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները։
«Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ձեռք են բերվել էներգետիկ, կրթական, հումանիտար ոլորտներին վերաբերող կոնկրետ պայմանավորվածություններ», – հայտնել է Բաղդասարյանը:
Պուտինի հետ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի քննարկման ժամանակ Փաշինյանը դժգոհել է տարածաշրջանային թեմաներով ռուս պաշտոնյաների հնչեցրած ձևակերպումներից։
«Վարչապետը ՌԴ նախագահի հետ հանդիպմանը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաև մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձևակերպումների և բառապաշարի վերաբերյալ»,- հավելել է նա:
Փաշինյանն ու Պուտինը հոկտեմբերի 8-ին հանդիպել էին Կրեմլում` ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում: Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ 2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ռեկորդ էր կանխատեսել, Փաշինյանը հայտարարել էր վերջին ամիսներին Մոսկվայի և Երևանի միջև ակտիվ քաղաքական երկխոսության մասին: