ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև հայտնել է, որ Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի հանդեպ տարածքային պահանջներ չկան, ինչպես նաև Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված հոդվածներով խաղաղության պայմանագիր կնքելու Երևանի պատրաստակամությունը։
Խոսելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ վարչապետը նշել է, որ նախագծի էությունը հետևյալն է․ Հայաստանը պատրաստ է ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխների անցումն իր տարածքով Վրաստանից Իրան և հակառակ ուղղությամբ, Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ։
«Մենք պատրաստ ենք ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխների անցումն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»,- ասել է նա։
Փաշինյանը կրկին ընդգծել է, որ բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանն ինչ-որ ձևով համաձայնել է, որ երրորդ երկրներն ապահովեն հաղորդակցության անվտանգությունն իր ինքնիշխան տարածքում, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, չեն համապատասխանում իրականությանը։
Փաշինյանն ու Պուտինը հոկտեմբերի 8-ին հանդիպել էին Կրեմլում` ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում: Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ 2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ռեկորդ էր կանխատեսել, Փաշինյանը հայտարարել էր վերջին ամիսներին Մոսկվայի և Երևանի միջև ակտիվ քաղաքական երկխոսության մասին: