Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա խնձոր նետելու գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը, գրել է «Ժողովուրդ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ դատավոր Հովհաննիսյանը դատական համակարգում աչքի է ընկել իր օբյեկտիվ որոշումներով՝ մշտապես առանց վարանելու խոսել է դատական համակարգում տիրող իրավիճակի մասին։
«ԲԴԽ-ի թեթև ձեռքով արդեն երկրորդ անգամ դատավոր Արման Հովհաննիսյանի անունը հեռացվում է Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից: Նրան հեռացնելով՝ քաղաքական իշխանությունների՝ իրենց ցանկալի դատավորին են առաջ տանում. խոսքը, օրինակ, Հրայր Թովմասյանի գործը քննող դատավոր Տաթևիկ Գրիգորյանի մասին է»,- պարզաբանել է թերթը։
Լրատվականը տեղեկացել էր, որ օգոստոսի 23-ի երեկոյան, երբ վարչապետն այցելում էր Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող իր հարազատներից մեկի տուն, 71-ամյա Ալբերտ Առստամյանը 9-րդ հարկի իր պատուհանից խնձոր էր նետել նրա ուղղությամբ։ Նույն օրն իրավապահները բերման էին ենթարկել տարեց տղամարդուն։ ՔԿ-ն նրա դեմ քրեական գործ էր հարուցել ՔՕ 297 հոդվածի (խուլիգանություն) հատկանիշնորվ, որով նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետը երկու տարի է։
Օգոստոսի 25-ին «Փաստինֆոն»-ն հայտնել էր Առստամյանի ազատ արձակման մասին։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 71-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։