ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված հարցով խորհրդակցության ժամանակ կարևորել է բաժանորդներին որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարման ուղղությամբ խնդիրների լուծումը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Նա այդ ուղղությամբ պատասխանատուներին տվել է հստակ հանձնարարականներ:
Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանը նշել է պատկան գերատեսչությունների կողմից այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, այդ թվում՝ ոլորտի արդյունավետ կառավարման նպատակով:
Պատասխանատուները ներկայացրել են առկա իրավիճակը, խնդիրների լուծման շուրջ հնարավոր քայլերն ու լուծումները:
Սեպտեմբերի 25-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կոչ էր արել դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների մասին իշխանությունների քննարկումները դիտարկել որպես բիզնեսի ազգայնացման փորձ։ Նա այսպես էր մեկնաբանել «Հրապարակ»-ի՝ օգոստոսի 24-ի հրապարակումը «ՀԷՑ»-ի ազգայնացման իշխանությունների ծրագրերի մասին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը սեպտեմբերի 4-ի մամուլի ասուլիսում մեկնաբանել էր ընկերությունն ազգայնացնելու մասին լուրերը՝ հայտարարելով՝ «Բացառում եմ»։
Սեպտեմբերի 4-ին «ՀԷՑ»-ը նաև մեկնաբանել էր Երևանում հոսանքազրկումները և հայտարարել 16,5 մլն դոլար (6,3 մլրդ դրամ) ներդրում կատարելու մտադրության մասին՝ Երևանի կենտրոնի էլեկտրամատակարարման ցանցի թարմացման համար։
Մանրամասները՝ տեսանյութում։