Ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ, կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք իր անունը շրջանառվո՞ւմ է Արդարադատության նախարարի թեկնածության համար։
«Չեմ համարում, որ այս հարցին այս փուլում պատասխանելը մարդկային և մասնագիտական էթիկայի տեսանկյունից ճիշտ է, ուստի կասեմ հետևյալը՝ համարում եմ, որ այս պահին այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ։ Շատ մեծ պատասխանատվությամբ և հաճույքով կատարում եմ ՄԻՊ առաքելությունը»,- ասաց նա։
Մանասյանը չարձագանքեց հարցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջարկել էր իր թեկնածությունը նախարարի պաշտոնում՝ նշելով, որ եթե որևէ այլ փուլում ճիշտ համարի մեկնաբանություն տալ, ապա կտա։
ՄԻՊ-ը չպատասխանեց հարցին, թե «արդյոք արդարադատության ոլորտը շատ կտուժի՞, եթե այն ղեկավարի ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը»։ Նա հրաժարվեց գնահատական տալ Դավոյանի իրավական գիտելիքներին՝ նշելով, որ թեմայի վերաբեյալ հարցադրումները կոռեկտ չեն։
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ խմբակցությունում ստորագրահավաք են սկսել ԱՆ ղեկավար Գրիգոր Մինասյանի հրաժարականի համար։ Պատգամավորը նշել էր, որ նախաձեռնության հեղինակները նախատեսում են դիմել վարչապետին՝ Մինասյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը քննարկելու համար:
Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 2-ի հրամանագրով պաշտոնանկ էր արել Արդարադատության նախարարին: