Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձն ուզում եմ համարել «զրոյական կետ», Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հույս է հայտնել, որ այդ «զրոյական կետից» է խորանալու արդարության, արդարդատության գերագայության զգացումը։
«Ինչ-որ առումով Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձն ուզում եմ համարել զրոյական կետ. զրոյական կետ ոչ թե այն առումով, որ կատարված աշխատանքը զրոյացվում կամ դեն է նետվում, այլ զրոյական կետ այն առումով, որ այդ զրոյական կետից ամեն հաջորդող կետում Հայաստանի քաղաքացիների զգացողությունը, համոզմունքը պիտի ավելի ու ավելի խորանա ՀՀ արդարության, արդարադատության, օրենքի և օրինականության առկայության առումով»,- ասել է նա:
Փաշինյանն ընդգծել է, որ քննչական ոլորտում իրականացված բարեփոխումներն ուղղված են Հայաստանում արդարություն հաստատելու գործին: Ըստ վարչապետի՝ ինստիտուցիոնալ կայացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալներն ու նախապայմաններն ստեղծել են:
«Մենք շատ ժամանակ չունենք ՀՀ քաղաքացիների շրջանում ներդնելու այն զգացողությունը, որ ՀՀ-ում կա արդարություն, արդարադատություն, բոլորը հավասար են օրենքի առաջ, չկան արտոնյալներ՝ լինեն նախկին, թե ներկա, և ՀՀ-ում օրենքը, օրինականությունը, իրավակարգը, արդարությունը և արդարադատությունն ընդամենը ճառերում հիշատակվող խոսքեր չեն, այլ դրանք իրականություն են և իրողություն»,- ասել է Փաշինյանը:
Նա պնդել է, որ բարեփոխումների առաջին ցիկլն ավարտին է հասցվել նախորդ տարի և այժմ եկել է մի փուլ, երբ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը պետք է ստանան արդյունքներ արդարության և արդարադատության, օրինականության, հանցավորության մակարդակի նվազման տեսքով։
«Հակառակ դեպքում՝ մենք ժողովրդին չենք ունենա պատասխան, թե ինչու սոցիալական, անվտանգային և բազմաթիվ այլ խնդիրների պատճառով նման որոշումներ ենք կայացրել, առաջնային որոշումներ ենք կայացրել դատաիրավական համակարգի վերաբերյալ»,- հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։