ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է ինտեգրվել «Միջին միջանցք» նախագծի հետ, «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի ելույթը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով:
Վարչապետը նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումները կարող են համադրվել Հայաստանի դիրքորոշումների հետ հետևյալ նկատառումներով. «Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ռեալ ինտեգրվել «Միջին միջանցքի» հետ, որը Թուրքիայի արտաքին քաղաքական կարևորագույն թեմաներից մեկն է և, ըստ էության, դա շատ բնականոն ինտեգրում է»:
Փաշինյանը հավելել է, որ նախագիծը ոչ թե ստեղծել են նկատի ունենալով, որ այն պետք է ինտեգրել «Միջին միջանցքի» նախագծի հետ, այլ այն բնական ճանապարհով ինտեգրվում է «Միջին միջանցքի» նախագծին և նույն կերպ կարող է ինտեգրվել «Ճանապարհ և գոտի» Չինաստանի նախագծի հետ։
2023թ․ Փաշինյանը Թբիլիսիում ներկայացրել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։ Սեպտեմբերի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Թուրքիան, ՌԴ-ն ու Ադրբեջանը «Խաղաղության խաչմերուկի» շահառու են։