Հոկտեմբերի 12-ին «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ունեցած ելույթի ժամանակ Ադրբեջանի դեմ Հայաստանի վարչապետի հնչեցրած արտահայտությունները 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետ կապված իրականությունը խեղաթյուրելու փորձ են, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ մեջբերելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանությունը:
Նա նշել է, որ հաղորդակցությունների բացման վերաբերյալ Հայաստանի վարչապետի հայտարարությունը՝ հղում անելով եռակողմ հայտարարությանը, հերթական անգամ ի ցույց է դնում ՀՀ ղեկավարության «արհամարհական վերաբերմունքն» ստանձնած պարտավորությունների նկատմամբ:
«Ոչ ոք չի մոռացել, որ Հայաստանը, որը խոսքով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, գործնականում շարունակում է ադրբեջանական տարածքներում ապօրինի ռեժիմի քարոզչությունը։ Հայաստանի վարչապետը 2023 թվականի սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել անջատողական խունտային, այսպես կոչված, «անկախության» կապակցությամբ։ Այս համատեքստում Հայաստանի վարչապետի հռետորական հարցերը «Լաչինի միջանցքի» գործունեության և փախստականների ու հարկադիր տեղահանվածների վերադարձի վերաբերյալ միայն զարմանք ու սարկազմ են առաջացնում»,- նշել է Հաջիզադեն։
Մամուլի քարտուղարը հավելել է, որ հայկական կողմի պնդումները ռազմագերիներին չվերադարձնելու մասին նույնպես ծիծաղելի են:
«Ադրբեջանը, հավատարիմ մնալով մարդասիրության սկզբունքին, Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին։ Ինչ վերաբերում է հայկական ծագում ունեցող ռազմական հանցագործների և անջատողական խունտայի ներկայացուցիչների ազատ արձակմանը, ապա Ադրբեջանն այդ առումով որևէ պարտավորություն չունի»,- հավելել է Հաջիզադեն։
Նա նաև Հայաստանի ղեկավարությանը «հորդորել է հրաժարվել Ադրբեջանի պատմական և միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ անհիմն հավակնություններից, պատմության կեղծումից, միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ խախտումից և իրականությունը խեղաթյուրող և միջազգային հանրությանը մոլորության մեջ գցող հայտարարություններից»։
Հոկտեմբերի 12-ին Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիթորինգի գործառույթ՝ գնահատելու համար, թե որքանո՞վ է Հայաստանը կատարում իր պարտավորությունները՝ իր տարածքով անցնող տարածաշրջանային երթուղիների անվտանգությունն ապահովելու համար։
ՀՀ վարչապետը նաև հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր չէ ռազմական ճանապարհով վերադարձնել Ադրբեջանի կողմից օկուպացված հողերը, քանի որ երկու երկրների միջև սահմանազատման փաստաթուղթը թույլ է տալիս դա անել խաղաղ ճանապարհով։