Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի նախկին ենթական դատական հայց է ներկայացրել նրա դեմ՝ մեղադրելով երաժշտին ներկայիս կնոջը և նախկին ընտանիքին լրտեսելու, հոգեբանական բռնության, հաշվեհարդարի սպառնալիքների և Կալիֆոռնիա նահանգի աշխատանքային օրենսդրությունը խախտելու համար, հայտնում է Rolling Stone ամսագիրը:
«Քանյե Ուեսթն օգնականին հանձնարարություններ էր տալիս Քարդաշյան ընտանիքի մասին տեղեկություններ ստանալու համար, վարձում էր մասնավոր խուզարկուներ՝ ներկայիս կնոջը՝ Բիանկա Ցենզորիին հետևելու համար և իրեն ոչ ադեկվատ էր պահում»,- գրում է ամսագիրը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը:
Բացի դրանից, հայցը մեղադրանքներ է պարունակում իր նախկին ենթակաների նկատմամբ հոգեբանական բռնության և հաշվեհարդարի սպառնալիքների, ինչպես նաև Կալիֆոռնիա նահանգի աշխատանքային օրենսդրության խախտման վերաբերյալ:
Դատարանի փաստաթղթերում անանուն մնալ ցանկացող հայցվորը պնդում է, որ Ուեսթի նախընտրական արշավի ղեկավար է սկսել աշխատել 2022 թվականի դեկտեմբերին, երբ նա ծրագրում էր կրկին մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Ավելի ուշ, երբ երաժիշտը հրաժարվել է այդ գաղափարից, հայցվորը դարձել է նրա «հետախուզության տնօրենը»։
Այդ դերում նա, մասնավորապես, պատասխանատու էր մասնավոր խուզարկուներ վարձելու համար՝ Ուեսթի կնոջը՝ Բիանկա Ցենզորիին ճանապարհորդելիս հետևելու և իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի ընտանիքի մասին տվյալներ հավաքելու համար։ Ռեփերը կասկածում էր Քարդաշյան ընտանիքին «մարդկանց թրաֆիքինգի և սեռական հանցագործությունների մեջ»:
Մայիսին Ուեսթը, հայցվորի խոսքով, սկսել է իրեն ոչ ադեկվատ պահել «ուրախացնող գազի» չարաշահման պատճառով։ Հայցվորն Ուեսթից պահանջում է փոխհատուցել իրեն չվճարված աշխատավարձը, հասցված վնասը և փաստաբանի ծախսերը, ընդգծում է ամսագիրը: