«Սոգլասիե Արմենիա» ընկերությունը մեկնաբանել է հոկտեմբերի 11-ին ընկերության աշխատակիցների ձերբակալությունը, ովքեր փորձել են գույքի ոչնչացման վտանգով պայմանավորված՝ խոչընդոտել ընկերության սեփականություն հանդիսացող, Երևանի կենտրոնում՝ Արամի փողոցի տարածքում շինարարական տեխնիկայի գործողությունները:
Ընկերությունը տեղի ունեցածն անվանել է «ապօրինություն», որին անդրադարձել են ընկերության սեփականատեր, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը և «Սոգլասիե Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ավետ Ադոնցը: Ընկերությունը հայտնում է, որ տեղի ունեցածին տրվելու է իրավական գնահատական և հնարավոր բոլոր տարբերակներով պաշտպանելու է իր սեփականության խախտված իրավունքը:
«Ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները մի խումբ կարմիր բերետավորների հետ աջակցել են ընկերությանը պատկանող տարածք ներխուժելը: Պատճառն այն է, որ ոստիկանության աշխատակիցներն առանց սերվիտուտի պատշաճ իրավունքի՝ փորձել են ապահովել այլ սեփականատիրոջ իրավունքը՝ Արամի փողոցում շինաշխատանքներ կատարելու համար: Ոստիկանների կողմից վարչական ձերբակալման են ենթարկվել «Սոգլասիե Արմենիա» ընկերության աշխատակիցները, ովքեր փորձել են թուլ չտալ իրենց ընկերության սեփականություն հանդիսացող, գույքի ոչնչացման վտանգով պայմանավորված, տարածք ապօրինի ներխուժած շինարարական տեխնիկայի գործողությունները», – ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Ընկերությունից ընդգծել են, որ դա այն տարածքն է, որտեղ ոստիկանների օգնությամբ փորձել են շինարարական աշխատանքներ իրականացնել։
«Տարածքը դեռևս վիճելի է այս պահին հատկացվել է այլ ընկերության, նախկինում պատկանել է «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը, որտեղ 2012-13թթ․ տեղադրվել են կոյուղատար և գազատար խողովակներ: Կոյուղատար խողովակը սպասարկում է Հյուսիսային պողոտայում գտնվող մի շարք բնակելի շենքեր և կոմերցիոն տարածքներ, որտեղ այս պահին գործում են մի շարք հեղինակավոր, բրենդային խանութներ և հասարակական նշանակության օբյեկտներ: Եթե ապօրինությունը շարունակվի, Աբովյան և Արամի փողոցները կլցվեն կոյուղատարի պարունակությամբ, որն այս պահին վնասել են մյուս տարածքի սեփականատերերը»,- մանրամասնել են ընկերությունից։
Ընկերությունը պատմել է նաև վեճի նախապատմությունը։ «Մյուս՝ ֆիզիկական անձանց պատկանող տարածքի երեք կողմերը, ըստ ՀՀ Կադաստրի կոմիտեի տրված պետական վկայականի, պատկանում են «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը, իսկ չորրորդ կողմը մոտ 80 սմ լայնություն ունի, որտեղով տեխնիկայի մուտքը հնարավոր չէ: Խնդրահարույց տարածքով անցնում են քաղաքի համար կարևոր նշանակության կոմունիկացիաներ և գազատար խողովակ»,- նշել են ընկերությունից։
Ընկերությունը հայտնել է, որ 2024թ․ հուլիսին «Սոգլասիե Արմենիա» ընկերության հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, տարածքը կնքվել է, որը մյուս սեփականատիրոջ կողմից կամայականորեն հեռացվել է, սակայն քննիչը որևէ գործողություն չի իրականացրել՝ պարզելու, թե ինչո՞ւ է խախտվել իր որոշումը:
«Մի քանի օր առաջ «Սոգլասիե Արմենիա» ընկերության գույքի վնասմամբ մյուս սեփականատերերը փորձել են մուտք գործել մեր տարածք, ինչը կանխվել էր ոստիկանների և մեր աշխատակիցների կողմից»,- հավելել են ընկերությունից:
Վեճը լուծելու համար «Սոգլասիե Արմենիա» ընկերությունը 2024թ․ մայիսին գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով և 6-րդ հոդվածով, որն ընդունվել է քննության: Այն է՝ արդար դատաքննության իրավունքի և սեփականության իրավունքի խախտում:
«ՄԻԵԴ-ն այս պահին ուսումնասիրում է «Սոգլասիե Արմենիա» ընկերության միջնորդությունը՝ գանգատն առաջնահերթության կարգով քննելու վերաբերյալ», – ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Տվյալ ընկերությանը շինթույլտվություն է տրվել մոտ 330 քմ տարածքի վրա 7 հարկից բաղկացած շենք կառուցելու համար այն դեպքում, երբ, հեղինակավոր մի շարք ընկերությունների հետ համատեղ, «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը հարակից տարածքում նույնիսկ 4 հարկից բաղկացած շինության նախագծման թույլտվություն տալը մերժվել է, ինչը պարունակում է երկակի ստանդարտների ռիսկեր, ասվում է հաղորդագրությունում։