ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ընդունել է Արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության առաջարկը, Armenia Today-ին տեղեկացրեց Խաչատրյանը։
Նա նշեց, որ իր թեկնածությունն առաջադրվել է մի շարք ՔՊ տարածքային խորհուրդների և մի քանի պատգամավորի կողմից։
«Ընթացակարգը վարչության անդամների ընտրությունով է, քվեարկությամբ, չգիտեմ, երբ կլինի դա»,- ասաց Խաչատրյանը։
Պատգամավորի խոսոքով՝ օրենսդիր մարմինը լքելը սթրեսային չէ, քանի որ նա պատրաստվում է աշխատել իր համար ծանոթ ոլորտում:
«Իմ կյանքի մեծ մասը գործադիրում եմ անցկացրել։ Ինձ համար սթրեսներ չկան։ Ոլորտը շատ ծանոթ է, նաև ԱԺ աշխատանքների շրջանակում անընդհատ շփվում ենք ոլորտի խնդիրների հետ»,- ասաց Խաչատրյանը։
Նա հավելեց, որ արդարադատության ոլորտում խնդիրների լուծման ուղղությամբ իր տեսլականն ունի և նշեց, որ վստահության դեպքում պատրաստ է այդ խնդիրների լուծմանը ձեռնամուխ լինել։
Խաչատրյան ընդգծեց, որ առաջնահերթ լուծվելիք խնդիրները որոշելիս առաջնորդվելու է ԱՆ ներքին կանոնադրությամբ։ Այսպես նա մեկնաբանեց Armenia Today-ի խնդրանքը՝ նշել, թե նշանակվելու դեպքում ի՞նչ առաջնահերթ խնդիրներով է պատրաստվում զբաղվել։
«Նախարարությունն ունի կառավարության կողմից հաստատված կանոնադրություն, որտեղ հստակ նշված են նրա խնդիրները, նպատակները և գործառույթները։ Այդ փաստաթուղթը բավականին ամփոփ է և բազմակողմանի և, կարծում եմ, պետք է շատ արագ ձեռնամուխ լինել բոլոր կետերի իրականացմանը։ Որևէ նոր փաստաթուղթ ներդնելու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում, այդ ամենն արդեն ֆիքսված է կառավարության ծրագրում։ Պետք է հստակ, մաքսիմում պատշաճ, արագ իրականացնել այդ բոլոր կետերը»,- ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ «կադրային ջարդ» չի պատրաստվում իրականացնել, և կշարունակի աշխատել նախարարության պրոֆեսիոնալ ու բարեվարք աշխատակիցների հետ։ Հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է նշանակվելու դեպքում իր կադրերով համալրել նախարարության անձնակազմը, Խաչատրյանը պատասխանեց, որ «վաղ է դրա մասին խոսելը»։
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ խմբակցությունում ստորագրահավաք են սկսել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականի համար։ Պատգամավորը նշել էր, որ նախաձեռնության հեղինակները նախատեսում են դիմել վարչապետին՝ Մինասյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը քննարկելու համար:
Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 2-ի հրամանագրով պաշտոնանկ էր արել Արդարադատության նախարարին: