ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման վարույթով կալանավորվել է Իրանի քաղաքացի, հայտնում է Քննչական կոմիտեն։
Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 84-ամյա բնակիչ Գրիշա Քոքոբելյանն առևանգվել էր 2022թ․ հուլիսի 27-ին, գտնվել՝ օգոստոսի 2-ին։
ՔԿ-ն 2022թ․ հուլիսի 17-ին նախկին պատգամավորի հոր առևանգման և առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու վերաբերյալ քրեական վարույթից անջատված մասը՝ 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկել էր դատարան։ Մայր քրեական վարույթով նախաքննությունը շարունակվել է։
ՔԿ-ի տվյալներով՝ Իրանի քաղաքացին Սուրեն Մանուկյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել տղամարդուն առևանգելու և շորթմամբ վերջինիս հարազատներից առանձնապես խոշոր չափերի՝ 3 մլն դոլար պահանջելու շուրջ։ WhatsApp հավելվածի միջոցով իրականացված բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել 200,000 դոլարի դիմաց ազատ արձակել տարեց տղամարդուն, փաստացի ստացել են 40,000 դոլար՝ կրիպտոարժույթի տեսքով:
Նշվում է, որ տղամարդուն առևանգել էին Աչաջուր բնակավայրից, փակել աչքերն ու բերանը և դուրս բերել գյուղից: Կարճ ժամանակ անց նրան տեղափոխել էին Լոռու մարզի Ծաթեր գյուղ։
Ըստ ՔԿ-ի՝ նախապես ուղարկված կրիպտոարժույթի հաշվին 20,000 դոլար ստանալուց հետո 2022թ. օգոստոսի 2-ին հանցավոր խմբի ներկայացուցիչները տղամարդուն թողել էին Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին, որից հետո վերջինիս հարազատներին հաղորդագրությամբ հայտնել նրա գտնվելու վայրը և պահանջել պայմանավորված գումարի մյուս մասը: Ժամը 18։00-ի սահմաններում 84-ամյա տղամարդը հայտնաբերվել էր նշված վայրում: Շարունակելով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունը՝ վերջինիս հարազատները վերը նշված եղանակով ևս 20,000 դոլար գումարին համարժեք փոխանցում էին կատարել հիշյալ կրիպտոարժույթի հաշվին:
Իրանի քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթումը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 12 տարի ժամկետով)։
ՔԿ-ն հավելել է, որ նա ՀՀ-ում քննված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված մեկ այլ քրեական վարույթով մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, հանցավոր կազմակերպության կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։
2022թ․ օգոստոսին Քոքոբելյանի հոր առևանգման գործով 2 քաղաքացի էր ձերբակալվել։ Գործով մեղադրանք էր առաջադրվել նաև ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մանուկյանին։