Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանն ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանին մեղադրել է համակարգային կոռուպցիայի մեջ, որից հետո վիճաբանություն է սկսվել նրա և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միջև։
Զարոկյանն իր խոսքում հայտնել է, որ Ավինյանը վերջերս 86 հազար դոլարով Mercedes մակնիշի ավտոմեքենա է գնել։ Նա, վկայակոչելով «Հետքի» հրապարակումները, նշել է, որ կոռուպցիան ծաղկել է նաև «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ում (ANIF), որը ղեկավարում էր Ավինյանը։ Զարոկյանի խոսքով՝ միայն 8 անվտանգության աշխատակից է աշխատել ANIF-ում, բոլորը քաղաքապետի մտերիմներն էին։
«Ժողովրդավարական երկրներում այսպիսի կոռուպցիոն բացահայտումների վրա վաղուց քրեական գործ կհարուցվեր անձի և ոչ թե երևույթի դեմ, ինչպես լինում է Հայաստանում։ Ժողովրդավարական երկրներում ղեկավար կուսակցությունը նույնիսկ չէր էլ սպասի քրեական գործին, և այդ պաշտոնյային անմիջապես կհեռացներ։ Դուք նույնիսկ մեխերը չեք կարողանում հանել դպրոցներից, երեխաների անվտանգությունը չեք կարողանում ապահովել (ցույց է տալիս դպրոցական դահլիճի հատակի մեխերով լուսանկարներ-խմբ․)»,- ասել է Զարոկյանը։
Այս խոսքերից հետո Ավինյանն անջատել է ընդդիմադիրի խոսափողն ու փորձել է հանդարտեցնել նրան։
«Դուք այլևս ելույթ ունենալու հնարավորություն չեք ունենա։ Այս խոսակցություններին էլ չեմ արձագանքի»,- ասել է քաղաքապետը։
Զարոկյանը խոսափողն անջատելուց հետո շարունակել է մեղադրանքներ հնչեցնել։ Ավինյանը նրան հորդորել է հեռանալ նիստերի դահլիճից և նկատողություն տվել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից ոմանք տեղից վեր են կացել ու փորձել են մոտենալ Զարոկյանին, սակայն մյուսները թույլ չեն տվել, որ վիճաբանությունը վերաճի ծեծկռտուքի։ Արդյունքում՝ Զարոկյանը հեռացել է նիստերի դահլիճից՝ ամոթանքի խոսքեր հնչեցնելով։