«Ժառանգություն կերտող երիտասարդներ» համաեվրոպական մրցույթի հաղթողները կոչ են արել հայ պատանիներին մասնակցել հարթակին, հայտնում է Գրականության և արվեստի թանգարանի մամուլի ծառայությունը։ ԳԱԹ-ը մրցույթի հայաստանյան փուլի կազմակերպիչն է։
2023-2024թթ. մրցույթում հաղթել էր Աբովյան քաղաքը ներկայացնող «ՀԱՅելիցներ» խումբը։ Նրանց պատրաստած «Գեղարդ» տեսանյութը հաղթող էր ճանաչվել «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական մրցույթում:
Խմբի անդամներ Մանեն, Ինգան, Լիանան և Խաչատուրը կիսել են իրենց ոգևորությունն ու հորդորել հայ պատանիներին մասնակցել մրցույթին։ Նրանք օրերս են վերադարձել Փարիզ-Ստրասբուրգ ճամփորդությունից։
Գրականության և արվեստի թանգարանը հայ շնորհալի պատանիներին հրավիրում է ազգային ժառանգությունը ներկայացնելու համաեվրոպական հարթակում, այժմ մեկնարկել է մրցույթի ազգային փուլը։
Նշվում է, որ 2024թ. Եվրոպական ժառանգության օրերը կանցնեն «Ուղիներ, ցանցեր և կապեր» խորագրի ներքո:
«Ժառանգության ապագան երիտասարդների ձեռքերում է. գիտակցելով սա, այս տարի ևս հրավիրում ենք հայ շնորհալիներին ազգային ժառանգությունը
արժանիորեն ներկայացնելու այս համաեվրոպական հարթակում»,- շեշտում են կազմակերպիչները։
Հաղթողները կստանան պարգևներ ինչպես ազգային, այնպես էլ եվրոպական մակարդակներում: Յուրաքանչյուր տարիքային խմբում ազգային մրցույթի հաղթողների լավագույն հնգյակը կստանա հատուկ մրցանակ՝ ‹‹բարի պայուսակներ›› և վկայականներ:
11-17 տարիքային խմբի համաեվրոպական մրցույթի հաղթողները 2025 թվականին կհրավիրվեն Ստրասբուրգ, որտեղ նրանց աշխատանքները կներառվեն հատուկ ցուցահանդեսում:
2024-2025թթ. մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 31-ը՝ հետևյալ հղումով։
2025թ. մարտին կհայտարարվեն համաեվրոպական մրցույթի հաղթողները, ովքեր նույն տարվա մայիսին կմեկնեն Ստրասբուրգ։
Այս տարի մրցույթին մասնակցում են հետևյալ երկրները՝ Հայաստան, Ֆինլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Հյուսիսային Մակեդոնիա, Մոնտենեգրո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Պորտուգալիա, Լեհաստան և Ուկրաինա։