ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արմեն Խաչատրյանի խնդրանքով մանրամասներ է հայտնել չորս զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ բարձրաձայնված չորս գործերը գտնվում են զինվորական դատախազի ամենօրյա հսկողության ներքո։
Վարդապետյանը տեղեկացրել է, որ 2017թ․ օգոստոսի 20-ին Մեղրիի զորամասում, ըստ նախնական վարկածի, ինքնասպանություն գործած պայմանագրային զինծառայող 26-ամյա Անդրանիկ Մկրտչյանի գործով զինվորական դատախազությունում հոկտեմբերին կազմակերպվել և անցկացվել էր տուժողի իրավահաջորդի ընդունելություն։
«Այս պահին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին որոշում է կայացվել վարույթ իրականացնող մարմնին, որը կատարման փուլում է։ Կատարման փուլում է գտնվում նաև փորձաքննությունը, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել»,- ասել է նա։
Վարդապետյանը հայտնել է, որ 2010թ․ մարտի 15-ին Հայկազովի զորամասում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի գործով սպասում են փորձագիտական եզրակացությանը։
«Հետմահու դատահոգեբանական և լեզվաբանական համալիր լրացուցիչ փորձաքննություն է նշանակվել, քանի որ ինքնասպանության հասցնելու վերաբերյալ տվյալներ կան, սպասում ենք եզրակացությանը, որպեսզի կարողանանք ապացույցները գնահատել»,- նշել է դատախազը։
Նա հավելել է, որ գործով ուղարկված հարցում կա, քանի որ ենթադրյալ հանցանք կատարած անձանցից մեկը գտնվում է արտերկրում։
Հադրութի զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի վարույթով, ըստ Վարդապետյանի, 2024թ․ սեպտեմբերի 12-ին իր մոտ տեղի ունեցած քննարկման արդյունքներով «տրվել է լրացուցիչ հանձնարարություն, որը նախաքննական մարմնի կողմից գտնվում է կատարման փուլում»։
Դատախազը խոսել է նաև Վարդենիսի զորամասերից մեկում 2007թ․ օգոստոսի 30-ին, ըստ նախնական վարկածի, հոսանքահարումից մահացած Տիգրան Օհանջանյանի գործի մասին։
«Նախկին դատախազի կողմից առերևույթ հանցանք կատարելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել հսկող դատախազը, որի արդյունքները դեռևս հայտնի չեն։ Գործը գտնվում է քննության փուլում»,- հավելել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2020թ․ օգոստոսի 3-ին ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորվել էր աշխատանքային խումբ։
Աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրեր զինծառայողներ Տիգրան Սուրենի Օհանջանյանի, Լևոն Արսենի Թորոսյանի, Վալերիկ Ազատի Մուրադյանի, Արթուր Սումբատի Ղազարյանի, Արման Հովսեփի Մուրադյանի, Արսեն Արթուրի Մխիթարյանի, Անդրանի Արմենի Մկրտչյանի և Էմիր Գագիկի Մաթևոսյանի մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:
Մանրամասները՝ տեսանյութում։