Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը երկրի իշխանություններին կոչ է անում ԼՂ հայերի վերադարձի թեմայով համաժողով կազմակերպել։
Դաշնային խորհրդի (ստորին պալատ-խմբ․) արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է համապատասխան բանաձև։ Դաշնային խորհրդի ընդունումից հետո բանաձևը կքննարկվի նաև խորհրդարանի վերին պալատում։
Բանաձևով Դաշնային խորհուրդը կոչ է անում Շվեյացարիայի իշխանություններին կազմակերպել խաղաղության համաժողով, որի նպատակն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունն է։
«Տարածաշրջանը ենթարկվել է փաստագրված էթնիկ զտումների. հայկական մշակութային ժառանգությունը, ինչպիսիք են եկեղեցիները, վանքերը և գերեզմանատները, համակարգված կերպով ոչնչացվում կամ վերաիմաստավորվում են կեղծ պատմական փաստաթղթերի միջոցով՝ «վերանորոգման» անվան տակ»,- նշվում է բանաձևում։
Կոչ է արվում համաժողովը կազմակերպել ամենաուշը մեկ տարվա ընթացքում՝ միջազգային դերակատարների ներկայությամբ՝ Լեռնային Ղարաբաղում բնակված հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ թեմայով:
«Ընդգծվել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու և ԼՂ հայ բնակչության իրավունքները պաշտպանելու համար բանակցային նոր ձևաչափի անհրաժեշտությունը, քանի որ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի կարողություններն այսօր խիստ սահմանափակ են»,- ասված է նախագծում։
Խորհրդարանականները հիշեցրել են 2009թ․ հոկտեմբերին Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը՝ կոչ անելով այս դեպքում ևս նպաստել խաղաղ երկխոսությանը։
«Շվեյցարիան բացառիկ հնարավորություն ունի օգտագործել իր դերը որպես չեզոք միջնորդ՝ հակամարտության կողմերի միջև կառուցողական երկխոսություն սկսելու համար։ Նման հանձնառությունը ոչ միայն կշարունակի Շվեյցարիայի մարդասիրական ավանդույթը, այլև կամրապնդի նրա դիրքը՝ որպես միջազգային դիվանագիտության հուսալի գործընկեր»,- ասվում է նախագծում։
2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ ժամը 07:10-ին սկսված մարտական գործողություններ էին ծավալվել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում: 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հրադադարի մասին հայտարարություն էին ստորագրել։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել են 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր գաղթել ՀՀ։