«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկելու է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի վիճաբանությունը, հայտնել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ես կարծում եմ, որ ցանկացած պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ։ Ազգային ժողովն ամենաբարձր մարմինն է։ ԱԺ-ում բոլորն, ինչ ասես, կարող են խոսել։ Ինչքան սուր հարցադրումներ եք անում, կամ պատգամավորներ կան՝ սուր հարցադրումներ են հնչեցնում, մեր խնդիրն է լսել,խոսել և հակադարձելուց այնպես անել, որ անձնական վիրավորանքների դաշտ չմտնենք։ Այս միջավայրը, պետական ընկալումները մերժում են «տղայական» մոտեցումները։ Այդ պատճառով խոսվում է պետականության, պետական ինստիտուտների կարևորության, դրա բարեվարքության մասին։ Ես ցանկանում եմ այդ բարեվարքությունը տեսնել ուժային բոլոր կառույցներում, նման զարգացում տեսնում եմ»,- ասաց Քոչարյանը։
Հոկտեմբերի 15-ին Հայաստանում հանցավորության հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր»-ի պատգամավորն ու Քննչական կոմիտեի ղեկավարը վիճաբանել էին։ Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Աղազարյանը Քննչական կոմիտեի ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։
ԶԼՄ-ն հոկտեմբերի 16-ին գրել էր, որ Քոչարյանը մտադիր է հասնել ուժային կառույցների ղեկավարների հրաժարականին։ Միաժամանակ, թերթի տեղեկություններով, նա դա փորձում է անել այլ պատգամավորների օգնությամբ։