Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար։
Գործով մեղադրյալ է նաև նախկին քաղաքապետի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։
Հոկտեմբերի 11-ին Armlur.am-ը հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից իրավապահները բերման էին ենթարկել նախկին քաղաքապետի որդուն և տարել Հակակոռուպցիոն կոմիտե։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունն Armenia Today-ին հայտնել էր, որ իրենց մոտ նման դատական գործ առկա չէ։
Բալասանյանը Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել էր 2012-2021 թվականներին: 2021 թվականի նոյեմբերին քաղաքապետ էր դարձել Վարդգես Սամսոնյանը, ում թեկնածությունը պաշտպանել էին «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները: