ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղացիական պայմանագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի պահվածքն Ազգային Ժողովում չպետք է անհետևանք մնա։
Նրա խոսքով՝ միջադեպը ստվերել է Հայաստանում հանցավորության հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումները։
«Ծանր նստվածք է տվել դեպքը։ Ես կարծում եմ, որ նման արձանագրումը պաշտոնյայի կողմից չի կարող անհետևանք մնալ, դա անհնարին է։ Պաշտոնյան պետք է բացատրություն տա՝ իր պահվածքն ինչի արդյունքում էր, այդ մարդու որոշումերը ճակատագրեր են որոշում։ Ինքն իր պաշտոնական դիրքն օգտագործելով պարոն Աղազարյանի տղայի հետ կապված ինչ-որ պատմություն հանեց ջրի երես, որն անթույլատրելի է, միայն էթիկայի տեսանկյունից»,- ասել է պատգամավորը։
Քոչարյանը հավելել է, որ դա նման ձևաչափով Քյարամյանի առաջին այցն էր Ազգային ժողով։ Նա չի համաձայնել այն դիտարկմանը, որ Քյարամյանի պահվածքն անփորձ լինելու հետևանք է։ «Ինքը կրում է բարձրաստիճան զինվորականի ուսադիրներ և բավականին շատ շքանշաններ։ Երիտասարդ տարիքով հանդերձ Քյարամյանը եղել է և՛ վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, և՛ ԱԱԾ տնօրեն և հիմա ղեկավարում է բարեփոխված Քննչական կոմիտեն՝ մեծացած վիճակում»,- նշել է նա։
Անդրադառնալով իրավական գործընթացներում միջնորդություններին, ՔՊ պատգամավորը նշել է, որ եթե «օրենքը շրջանցելով միջնորդություն է արվել, այդ դեպքում գլխավոր դատախազը պետք է արձանագրի, որ այստեղ ինչ-որ բան այն չէ»։ «Ակնկալում էի, որ գլխավոր դատախազն ինչ-որ գործողություններ պետք է իրականացնի դատախազական հսկողության տեսանկյունից, որովհետև քննարկվող թեման և կառույցները դատախազական հսկողության միջավայրն են»,- շեշտել է նա։
Ավելի վաղ Քոչարյանը հայտարարել էր, որ ՔՊ-ն կքննարկի Քյարամյանի և Աղազարյանի վիճաբանությունը։
Հոկտեմբերի 15-ին Հայաստանում հանցավորության հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր»-ի պատգամավորն ու Քննչական կոմիտեի ղեկավարը վիճաբանել էին։ Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Աղազարյանը Քննչական կոմիտեի ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։
ԶԼՄ-ն հոկտեմբերի 16-ին գրել էր, որ Քոչարյանը մտադիր է հասնել ուժային կառույցների ղեկավարների հրաժարականին։ Միաժամանակ, թերթի տեղեկություններով, նա դա փորձում է անել այլ պատգամավորների օգնությամբ։