Զինծառայող Աղասի Դալլաքյանն ինքնասպանություն է գործել, նրան ինքնասպանության հասցնելու մեղադրանքով դատարանը կալանավորել է դասակի հրամանատար սպային և նրա համածառայակցին, հայտնում են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ն պարզել է, որ Դալլաքյանը մահացել է ինքնասպանություն գործելու հետևանքով։
«Նույն զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտը, կոչման բերումով լինելով սերժանտների և զինվորների համար պետ, նույն զորամասի շարքային ժամկետային զինծառայներից մեկի հետ խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, զենքով ինքնակամ թողել զորամասի պահպանության տեղամասի իրենց կրակային դիրքը և տեղամասի մեկ այլ կրակային դիրքում խմբով՝ միասին, նվաստացրել են մարտական հերթապահության ընդգրկված, նույն զորամասի զինծառայող Դալլաքյանի պատիվն ու արժանապատվությունը։ Դալլաքյանը կրակային դիրքում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում իրեն ամրակցված AKM տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում»,- մանրամասնել են ՔԿ-ից։
Դասակի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից զենքով մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով), 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, այդ թվում՝ հրամանատարի կողմից մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 10 տարի ժամկետով)։
Շարքային ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 540-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից զենքով մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով), 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 10 տարի ժամկետով)։
ՊՆ-ն հայտնել էր, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել էր Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Հոկտեմբերի 14-ին դեպքի առթիվ ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել սպանության հատկանիշներով։