Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնաբանել է Հայաստանի՝ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հնարավոր ծրագրերի մասին հարցը։
«Հիմա շատ բարդ է նման գնահատական տալը: ԲՐԻԿՍ-ի շրջանակում կոնսոլիդացիայի շուրջ դեռևս այնքան քննարկումներ պետք է լինեն, որպեսզի մեզ համար հասկանալի լինի, թե դա ինչ գործընթաց է, կլինի՞ այդպիսի բան, թե՞ չի լինի, հնարավո՞ր է, թե՞ ոչ»,- խորհրդարանում լրագրողներին ասել է Գրիգորյանը։
Հոկտեմբերի 19-ին Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հնարավոր էր համարել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շփման հնարավորություն կունենան Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովի ժամանակ: Դիվանագետը Կազանում միության 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում ԲՐԻԿՍ+ ձևաչափի միջոցառումներին մասնակցելու Պուտինի անձնական հրավերի ընդունումը Փաշինյանի կողմից «Ռուսաստանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով սերտ շփումների արտացոլում» էր անվանել։
Կոպիրկինը նաև նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր միացումը ԲՐԻԿՍ-ին կմեծացնի միջպետական երկխոսության դաշտը և դրականորեն կանդրադառնա հարաբերությունների կարգավորման վրա:
ԲՐԻԿՍ գագաթնաժողովը տեղի կունենա Կազանում՝ հոկտեմբերի 22-24-ը։
Օգոստոսի 20-ին Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու պաշտոնական հայտ էր ներկայացրել։ Սեպտեմբերի 4-ին նման հայտ էր ներկայացրել Թուրքիան։ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին հայտարարել էր, որ ԲՐԻԿՍ-ին ինտեգրվելու օրակարգ Հայաստանը չունի։