Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ հրաժարական տալ, տեղեկանում ենք ՀՖՖ կայքում հրապարակված հայտարարությունից։
ՀՀՖ նախագահը հիշեցրել է, որ հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Հայաստանի ազգային հավաքականից կրած պարտությունից հետո երկրպագուների մի հատված պահանջել էր ՀՖՖ ղեկավարության հրաժարականը՝ դժգոհություն հայտնելով ոչ միայն տարբեր տարիքային հավաքականների ցուցադրած ոչ բավարար արդյունքներից, այլև ֆեդերացիայի գործունեությունից:
«Այս պահին, որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ես ավելի մտահոգ եմ գալիք կարևորագույն տարվա անելիքներով, կիսատ գործերն ավարտելու պատրաստակամությամբ և ապագայի ծրագրերն ու նպատակները քննարկման արդյունքում ձևավորելու ցանկությամբ»,- ասել է Մելիքբեկյանը։
Նա ընդգծել է, որ ամբողջությամբ հասկանում ու ընդունում է երկրպագուների՝ իրենց դժգոհությունը հայտնելու իրավունքը։
«2019թ․ դեկտեմբերին ստանձնել եմ ՀՖՖ նախագահի պարտականությունները՝ մեծ երազանքներով, հույսերով, ապագայի հանդեպ վստահ հավատով ու չմարող լավատեսությամբ։ Ցավոք, այսօր պետք է արձանագրել, որ ռազմավարությունում տեղ գտած ծրագրերի մի մասը չեն կատարվել, մի մասն էլ իրականացվել են մասնակի: Սրանք փաստեր են, որոնք, սակայն, ունեն լրջագույն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Ընտրվելուցս ընդամենը 2 ամիս անց երկար ժամանակով ամբողջ աշխարհն ուղղակի անշարժացավ կորոնավիրուսի պատճառով, իսկ հետո սկսվեց 44-օրյա պատերազմը՝ իր ծանրագույն հետևանքներով մեր երկրի համար: 2022-ին սկսվեց հակամարտությունն Ուկրաինայում, որն ամբողջությամբ ձևափոխել է համաշխարհային գրեթե բոլոր իրողությունները՝ ֆուտբոլի դեպքում խնդիր դարձնելով անգամ թիմերի տեղաշարժը»,- հավելել է նա։
Մելիքբեկյանի խոսքով՝ արտարժույթի շուկայի ձևափոխումը ևս լուրջ հարված է հասցրել ֆինանսական կայունությանը, և հայկական ֆուտբոլն այս ընթացքում չի ստացել այն բոլոր ռեսուրսները, ակնկալվող եկամուտները, որոնք կապահովեին ռազմավարական կետերի մեծ մասի իրականացումը։ ՀՖՖ նախագահը նշել է, որ կիսում է ֆուտբոլային հանրության դժգոհությունները։
«Կտրուկ առաջընթացի, հավաքականների կայուն խաղի բացակայությունը, ազգային ստադիոնի կառուցումը, տարբեր տեսակի երազանքների իրականացումը բոլորիս, առաջին հերթին՝ իմ գործն է ու պատասխանատվությունը: Վստահեցնում եմ՝ ՀՖՖ-ն արել է հնարավոր, անգամ անհնար ամեն ինչ լավ արդյունքներ ունենալու համար: Ցավոք, դա բավարար չէր, և հիմա կրկին կանգնած ենք հերթական շրջապտույտի առաջ: Առկա է հրաժարականի պահանջ, որից երբևէ չի անհանգստացել ՀՖՖ ղեկավար կազմը: Չենք անհանգստացել, քանի որ աշխատել ենք ազնիվ, պահպանել բոլորի համար արդար պայմաններ, բազմաթիվ մեծ ծրագրեր իրականացրել, որոնք անհրաժեշտ են լավ ֆուտբոլ ունենալու համար»,- շեշտել է նա։
Մելիքբեկյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորում է 2018 թվականի դեկտեմբերից։ 2023 թվականի դեկտեմբերին նա վերընտրվել էր ՀՖՖ ղեկավարի պաշտոնում՝ մինչև 2026 թվականը։
Հոկտեմբերի 13-ին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից 0։2 հաշվով կրած պարտությունից հետո Ալեքսանդր Պետրակովն ազատվել էր ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նա Հայաստանի ազգային հավաքականը գլխավորում էր 2023 թվականի հունվարից։ 67-ամյա ուկրաինացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացրել է 18 հանդիպում, որոնցում տարել է 4 հաղթանակ, 4 անգամ ոչ-ոքի խաղացել և 10 պարտություն կրել։