2026 թվականին «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը տեղի կունենա Հայաստանում, հայտնում են Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Դասական երաժշտության մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ սկսած 1982 թվականից։ Այն նախատեսված է 12-21 տարեկան պատանիների համար: Հայաստանն այս մրցույթում 2012 թվականին առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը։
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը տաղանդի և ստեղծարարության հրաշալի հարթակ է, որը երաժշտության միջոցով միավորում է մարդկանց։ Ուրախ ենք, որ Հայաստանը 2026 թվականի հյուրընկալող երկիրն է, և անհամբեր սպասում ենք այս հիանալի միջոցառման շրջանակում մեր համատեղ աշխատանքին»,- նշել է Եվրոպական հեռարձակողների միության մեդիայի տնօրեն և գլխավոր տնօրենի տեղակալ Ժան Ֆիլիպ դե Տենդերը:
2024 թվականին Հայաստանը ներկայացրել էր հոբոյահար Հայկ Հեքեքյանը։