Իսրայելի ոստիկանությունը հայտնել է Ադրբեջանից ներգաղթածների գլխավորությամբ իրանցի գործակալների ձերբակալության մասին, տեղեկացնում է NEWSru-ն։
Գործով ձերբակալվել է 7 մարդ, մեղադրանք է առաջադրվել Ազիզ Նիսանովին, Ալեքսանդր Սադիկովին, Վյաչեսլավ Գուշչինին, Եվգենի Յոֆեին, Իգալ Նիսանին և երկու անչափահասի։ Ոստիկանության տվյալներով՝ այս խմբի ղեկավարները բնիկ ադրբեջանցիներ են, ովքեր վաղուց Իսրայել են ներգաղթել։
Ենթադրվում է, որ պատերազմի ընթացքում մեղադրյալները «գործել են որպես իրանական գործակալներ և իրականացրել են իրանական հետախուզության տարբեր առաջադրանքներ, այդ թվում՝ լուսանկարել և տեղեկություններ հավաքել ռազմական բազաների և Իսրայելի պաշտպանության այլ կայանքների մասին»։
Սեպտեմբերի 19-ին իսրայելական անվտանգության ծառայությունները ձերբակալել էին Իրանի կողմից նախապատրաստվող մահափորձի պատրաստության մեջ կասկածվող քաղաքացու։ Ըստ Իսրայելի՝ նրանց թիրախը պաշտոնատար անձինք էին՝ այդ թվում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։