ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցի քննարկմանը և քվեարկությանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց այն կասկածների մասին, ըստ որոնց՝ կանոնակարգը հնարավոր զիջումներն արդարացնելու հիմքեր ունի։
«Հիմնավոր կասկած է առաջանում, որ կանոնակարգի շուրջ գործողությունները հետագայում ծառայելու են հակապետական նոր զիջումների արդարացմանը»,- ասաց նա:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ելույթից առաջ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը:
ՀՀ ԱԳՆ-ն օգոստոսի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման հանձնաժողովները համատեղ գործունեության մասին կանոնակարգ են ստորագրել: ՀՀ կառավարությունը փաստաթուղթը հաստատել էր սեպտեմբերի 5-ին: Հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել օրինագծին և ներառել ԱԺ նիստերի օրակարգում։