ԽՍՀՄ հավաքականի կազմում հունահռոմեական ոճի ըմբշամարտի 1988 թվականի Օլիմպիական չեմպիոն, Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Լևոն Ջուլֆալակյանը կմիանա Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։
«Ջուլֆալակյանը մեր սպորտի վառ ներկայացուցիչ է, նրա ողջ կյանքը կապված է միայն ըմբշամարտի հարթակում աշխատելու հետ։ Նրա հսկայական փորձը թույլ տվեց շատ դժվարին պայմաններում հաջողության հասնել Հայաստանի հավաքականի հետ։ Նա նրանցից է, ով ձեր խոնարհ ծառայի, Ալեքսանդր Կարելինի և Կամանդար Մաջիդովի հետ 1988 թվականին Սեուլի Օլիմպիական խաղերում հաղթեց։ Նա կլինի կառույցում, սա միանշանակ է, և՛ որպես խորհրդատու, խորհրդական, և՛ որպես ընկեր»,- ասել է Մամիաշվիլին։
Նա նշել է, որ Ջուլֆալակյանի որդին՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, շուրջ տասը տարի Օլիմպիական կրկնակի չեմպիոն Ռոման Վլասովի գլխավոր մրցակիցներից մեկն էր։
Լևոն Ջուլֆալակյանը 60 տարեկան է, 1999-2019 թվականներին նա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն էր։ 2002 թվականից Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահն է, 2003 թվականից՝ ՀԱՕԿ գործկոմի անդամ։
Հուլիսին Ջուլֆալակյանի անունը ներառվել էր Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Փառքի սրահում (United World Wrestling Hall of Fame)։