«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հոկտեմբերի 22-ի նիստում երկրորդ անգամ Արդարադատության նախարարի թեկնածու չի ընտրել, գրել է «Հրապարակ»-ը։
Հոկտեմբերի 22-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Armenia Today-ին չէր բացառել, որ նախարարի նշանակման հարցը կարող է լուծվել հոկտեմբերի 22-ի երեկոյան։
Թերթը հիշեցրել է, որ թեկնածուները չորսն են՝ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Խաչատրյանը և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ խմբակցությունում ստորագրահավաք են սկսել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականի համար։ Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 2-ի հրամանագրով պաշտոնանկ էր արել նախարարին:
Հոկտեմբերի 10-ին Armlur.am-ը հայտնել էր, որ ՔՊ վարչության փակ նիստում կուսակցության ղեկավարությունը մերժել էր նախարարի բոլոր թեկնածուներին։ Հոկտեմբերի 14-ին Խաչատրյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ ընդունել է նախարարի պաշտոնում իր թեկնածության առաջարկը։