Հոկտեմբերի 22-ին ՔՊ-ից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին առաջարկել են բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը նվազեցնելու քայլեր ձեռնարկել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը փոխվարչապետին առաջարկել է օրենքում փոփոխություններ մշակել, ինչը հնարավորություն կտա թոշակառու սպաներին ծառայության անցնել զորամասերում, թոշակի հետ նաև աշխատավարձ ստանալ։ Առաջարկը, ըստ պատգամավորի, կօգնի նվազեցնել մահվան դեպքերը։
Հոկտեմբերի 13-ին հայտնաբերվել էր զինծառայող Աղասի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով դատարանը կալանավորել էր դասակի հրամանատար սպային և նրա համածառայակցին։
Հոկտեմբերի 6-ին մահացած էին հայտնաբերել զինծառայող Վահե Հարությունյանին, որին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով դատարանն ավելի ուշ կանալավորել էր հերթափոխի պետին։
2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում 64 զինծառայող էր մահացել։ Կառավարության տվյալներով՝ մարտական պայմաններում զոհվել էր 19 զինծառայող:
Դատախազության տարեկան զեկույցի համաձայն՝ 2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 2022-ի համեմատ 69%-ով (22 դեպքով) ավելացել էին։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը 2023 թվականի օգոստոսին Armenia Today-ին հայտնել էր, որ զինծառայողների մահվան դեպքերի աճի պատճառը բանակում հետպատերազմյան փոփոխությունների բացակայությունն է։