Օկուպացված Ստեփանակերտում մահացել է 70-ամյա Վերա Աղասյանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի առողջապահության նախարարությանը։
Աղասյանը մահացել է հոկտեմբերի 20-ի առավոտյան՝ սուր սրտանոթային անբավարարությունից, որը զարգացել է թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով, ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական գերատեսչությունը նշել է, որ կնոջն «անհրաժեշտ սոցիալական աջակցություն է ցուցաբերվել»։
2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ ժամը 07:10-ից մարտական գործողություններ էին ծավալվել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում: 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հրադադարի մասին հայտարարություն էին ստորագրել։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել են 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր գաղթել ՀՀ։
2023 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հայտարարել էր, որ Ղարաբաղում մնացել է 50-ից մինչև 1000 էթնիկ հայ: Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ բռնի գաղթից հետո Արցախում մնացել է ավելի քան 15 հայ։ Նա նշել էր, որ հայերի ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40-ը՝ ներառյալ անհայտ կորածները։