Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է հոկտեմբերի 15-ին Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։
«Բոլոր իրավական գործընթացներն ուղղակի չեն կարող տեղի չունենալ։ Պետք չէ, որ ես հեռախոս վերցնեմ կամ չվերցնեմ։ Պրոցեսները պետք է տեղի ունենան անկախ նրանից՝ հեռախոս վերցնող կա՞, թե՞ ոչ։ ՀՀ-ում հարաբերությունների կարգավորման գործիքն օրենսդրությունն է»,- խորհրդարանում ասել է վարչապետը։
Ըստ նրա՝ լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպերը դուրս են քաղաքակիրթ բանավեճի տրամաբանությունից, որոնց արձագանքը պետք է լինի ոչ թե հեռախոսով, այլ՝ ընթացակարգերով։
Պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ճշտող հարցին, թե արդյոք Քյարամյանը կշարունակի՞ զբաղեցնել Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը, Փաշինյանը նշել է, որ «բոլոր դեպքերով կան կարգապահական վարույթներ, և դրանց արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ»։
Հոկտեմբերի 15-ին Աղազարյանը և Քննչական կոմիտեի ղեկավարը վիճաբանել էին Հայաստանում հանցավորության հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, երբ Աղազարյանը ՔԿ ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։