Բաքվի դատարանը մերժել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ բողոքը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Վարդանյանն ու նրա փաստաբանը խնդրել են չեղարկել որոշումը։ Դատարանը բողոքը մերժել է «անհիմն» համարելով։
Վարդանյանին Ադրբեջանը ձերբակալել էր 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Հակարիի անցակետում։ Նրան սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում։ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանությունները գերեվարել և ձերբակալել էին նաև հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի դատարանը երկարաձգել էր Վարդանյանի կալանքը։ Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը հունիսի 13-ին հրատապ դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։
Մայիսին Բաքվի դատարանը հինգ ամսով երկարաձգել էր Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետները։ Սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել էր Արցախի ղեկավարների գործի նյութերը դատարան փոխանցելու մասին։ Հոկտեմբերի 1-ին Բաքուն հայտնել էր Ադրբեջանում ձերբակալված արցախցի առաջնորդների դեմ նոր մեղադրանքի մասին։