ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փորձում է մինչև իր լիազորությունների ավարտը դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի «կնքահայրը», այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Բայդենի նամակներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Քաղաքագետն ընդգծել է, որ Բայդենը մինչև իշխանությունը Դոնալդ Թրամփին կամ Քամալա Հարիսին փոխանցելը՝ մնացած երեք ամսվա ընթացքում ցանկանում է, որ 4 տարվա այն ներդրումը, որ իր վարչակազմն ունեցել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, հասնի իր տրամաբանական ավարտին։
«Հեռացող նախագահ Բայդենը, ով արտաքին քաղաքականության ավելի մեծ փորձառություն ունի, քան վերջին 30 տարիների ԱՄՆ որևէ նախագահ, հասկանում է, որ ո՛չ Թրամփի, և ո՛չ էլ Հարիսի վարչակազմերի համար մեր տարածաշրջանն առաջնահերթություն չի լինելու, հետևաբար՝ իր բոլոր ձեռքբերումները, եթե նույնիսկ ջուրը չգնան, ապա էապես դանդաղելու են կյանքի կոչման տեսանկյունից: Մյուս կողմից, նա ցանկանում է իր ժառանգության մեջ ունենալ հաջողության պատմություն՝ խաղաղության կերտման տեսանկյունից, ինչպիսիք դեռևս չկան»,- գրել է Սարգսյանը։
Հոկտեմբերի 21-ին Բայդենը նամակ էր հղել Ալիևին՝ կոչ անելով մինչև տարեվերջ ավարտել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները։ Նա ընդգծել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը։ Հաջորդ օրը Բայդենը նմանատիպ կոչով դիմել էր Փաշինյանին։ ԱՄՆ նախագահը նաև վստահեցրել էր, որ իր վարչակազմը պատրաստ է աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը, ըստ ԱՄՆ նախագահի, վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը։