ՀՀ կառավարությունը մտադիր չէ շարունակել արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագիրը, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ կառավարությունում աջակցության այլ ծրագիր են մշակում, որը միայն անչափահասների, կենսաթոշակառուների համար է լինելու։
«Կանխատեսելով, որ ծրագրի ավարտից հետո դժգոհության ալիք է բարձրանալու, մարզպետներին, քաղաքապետերին, թաղապետերին կառավարությունից հրահանգել են ռիսկերը կառավարելու ակտիվ միջոցներ ձեռնարկել, ինչպիսին, օրինակ, տեղերում լոկալ աջակցություններ ցուցաբերելն է։ ՔՊ պաշտոնյաներն ակտիվ ժողովներ, հավաքներ են իրականացնում, մարդկանց փորձում համոզել, որ շուտով իրենց խնդիրները լուծում կստանան»,- ասված է հրապարակման մեջ։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել էին 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի էր ժամանել ՀՀ։
Հայաստանի կառավարությունը 2023-ի հոկտեմբերի 26-ին հավանություն էր տվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին փախստականի կարգավիճակին համարժեք ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալու մասին որոշմանը։ 2023-ի նոյեմբերի 9-ին կառավարությունը հաստատել էր նաև նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ԼՂ-ից տեղահանվածներին առաջնային սոցիալական ծախսերը հոգալու համար նպաստների վճարումները՝ 50 հազար դրամ մեկ անձի համար՝ վարձավճարի և կոմունալ ծախսերի համար։
Հունվարին իշխանությունները հաստատել էին տեղահանվածների համար մասնագիտական ուսուցում կազմակերպելու և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագիրը։ Որոշման համաձայն՝ պետությունը յուրաքանչյուր ամիս փոխհատուցում է 50 հազար դրամ՝ որպես կրթաթոշակ, 50 հազար դրամ՝ ուսման վարձի համար։ Կառավարությունը մայիսի 16-ին ընդունել էր ԼՂ-ից տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիր։