ԱՄՆ նախագահի թեկնածու և նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսին մեղադրել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի և Արցախից հայերի բռնի գաղթի ժամանակ անգործության մեջ։ Նա խոստացել է ԱՄՆ նախագահ դառնալու դեպքում Երևանի և Բաքվի միջև խաղաղություն հաստատել։
«Քամալա Հարիսը ոչինչ չի արել, երբ 120,000 հայ քրիստոնյա սարսափելի հալածանքների և բռնի տեղահանման ենթարկվեցին Արցախում»,- գրել է Թրամփը Truth Social հարթակում։
ԱՄՆ նախկին նախագահն ասել է, որ ամբողջ աշխարհի քրիստոնյաներն ապահով չեն լինի, եթե Հարիսը դառնա Միացյալ Նահանգների նախագահ:
«Երբ ես նախագահ դառնամ, կպաշտպանեմ հալածվող քրիստոնյաներին, կաշխատեմ վերջ տալ բռնությանը և էթնիկ զտումներին, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- խոստացել է Թրամփը։
Հուլիսի 21-ին գործող նախագահ Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։ Հուլիսի 27-ին Հարիսը հայտարարել էր նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։ Օգոստոսի 6-ին Հարիսը պաշտոնապես առաջադրվել էր որպես ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։
Հոկտեմբերի 21-ին Բայդենը նամակ էր հղել Ալիևին՝ կոչ անելով մինչև տարեվերջ ավարտել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները։ Նա ընդգծել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը։ Հաջորդ օրը Բայդենը նմանատիպ կոչով դիմել էր Փաշինյանին։ ԱՄՆ նախագահը նաև վստահեցրել էր, որ իր վարչակազմը պատրաստ է աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը, ըստ ԱՄՆ նախագահի, վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը։
Թրամփն ուկրաինական հակամարտության հարցով սպասում է Պուտինի հետ հանդիպմանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ կսպասի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար,...