Նիգերիայի իշխանություններն ազատ են արձակել Binance կրիպտոարժույթի բորսայի գործադիր տնօրեն Տիգրան Ղամբարյանին, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Bloomberg-ին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհակալություն է հայտնել Նիգերիայի կառավարությանը՝ բժշկական ցուցումներով ԱՄՆ քաղաքացի Ղամբարյանին ազատ արձակելու համար։
Հոկտեմբերի 23-ին Նիգերիայի կառավարությունը հանել էր Ղամբարյանի դեմ փողերի լվացման մեղադրանքը։ Նա և Binance-ի Աֆրիկայի տարածաշրջանային մենեջեր Նադիմ Անջարվալան ձերբակալվել էին փետրվարի 26-ին Նիգերիայի մայրաքաղաք Աբուջա ժամանելուն պես՝ փողերի լվացման դեմ մեղադրանքները քննարկելու համար:
Ղամբարյանն ու Binance-ը մեղադրվում էին 35 միլիոն դոլարի լվացման մեջ։ Binance-ը և այլ կրիպտո փոխանակումները կառավարության ուշադրության կենտրոնում էին հայտնվել 2024 թվականի սկզբին: Փետրվարին Նիգերիայի Կենտրոնական բանկի ղեկավար Օլայեմի Կարդոսոն նշել էր, որ կրիպտո փոխանակումների միջոցով դրամական հոսքերը «կասկածելի» են։