«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Արդարադատության նախարարի թեկնածու է դիտարկում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանին, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ղալթաղչյանը 2018-2021 թվականներին զբաղեցրել է վարչապետի աշխատակազմի այդ ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանի տեղակալի պաշտոնը։
ՔՊ կուսակցության վարչությունը հոկտեմբերի 22-ի նիստում երկրորդ անգամ Արդարադատության նախարարի թեկնածու չէր ընտրել, թեպետ ՔՊ խմբակցության պատգամավոր, նախարարի թեկնածու Արմեն Խաչատրյանն Armenia Today-ին չէր բացառել, որ նախարարի նշանակման հարցը կարող է լուծվել հոկտեմբերի 22-ի երեկոյան։
Թեկնածուները չորսն են՝ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Խաչատրյանը և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։ Հոկտեմբերի 10-ին Armlur.am-ը հայտնել էր, որ ՔՊ վարչության փակ նիստում կուսակցության ղեկավարությունը մերժել էր նախարարի բոլոր թեկնածուներին։
Հոկտեմբերի 14-ին Խաչատրյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ ընդունել է նախարարի պաշտոնում իր թեկնածության առաջարկը։
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ խմբակցությունում ստորագրահավաք են սկսել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականի համար։ Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 2-ի հրամանագրով պաշտոնանկ էր արել նախարարին: