Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել՝ Ֆրանսիայում և Ավստրիայում նշանակելով դեսպաններ։
Ըստ հրամանագրի՝ Արման Խաչատրյանը նշանակվել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ հետ կանչվելով Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:
Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել Արմեն Պապիկյանը։ Նա հետ է կանչվել Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարի, ինչպես նաև Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոններից:
Մեկ այլ հրամանագրով՝ Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվել է Անդրանիկ Հովհաննիսյանը, ով զբաղեցնում էր Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի ու Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնները:
Նախագահը Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակել Հասմիկ Տոլմաջյանին՝ հետ կանչելով Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Հոկտեմբերի 24-ին նախագահը 5 երկրներում Հայաստանի դեսպաններ էր նշանակել։