Իսրայելի պաշտպանության ուժերը շաբաթ գիշերն ավիահարվածներ են հասցրել Իրանում հրթիռների արտադրության օբյեկտներին և նրա «երկիր-օդ» հրթիռների տեղամասերին, պնդում է Axios պորտալը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուրի։
Գործողությունն ստացել է «Ապաշխարության օրեր» ծածկանունը։ Ըստ աղբյուրի՝ հարվածը պատասխան էր հոկտեմբերի 1-ին Իրանի բալիստիկ հրթիռի հարձակման:
Ինչպե՞ս զարգացան իրադարձությունները
Իսրայելի ռազմաօդային ուժերն Իրանի վրա գիշերային հարձակման ժամանակ տեղակայել են ավելի քան 100 ինքնաթիռ՝ ներգրավելով տասնյակ F-35, F-16 և F-15 կործանիչներ, լիցքավորող ինքնաթիռներ և հետախուզական ինքնաթիռներ, հայտնում է Kan գործակալությունը։
Իրանի Զինված ուժերը հայտնել են, որ հարձակման են ենթարկվել Իլամ, Թեհրան և Խուզեստան նահանգներում գտնվող իրենց որոշ ռազմական օբյեկտներ։ Իսրայելին հաջողվել է միայն սահմանափակ վնաս հասցնել, որի վերջնական չափը ճշտվում է։ Թեհրանը պատրաստ է համաչափ պատասխան տալ, հաղորդում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Իսրայելցիների կողմից զոհերի մասին տեղեկություններ չկան։
Առավոտյան ժամը 6-ին (տեղական ժամանակով) իսրայելական բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման ավարտի մասին, և ինքնաթիռները վերադարձել են Իսրայել։ ABC News-ի աղբյուրն ընդգծել է, որ Իսրայելի հարձակումն Իրանի վրա չի տևի ավելի քան մեկ գիշեր և կլինի մեկանգամյա պատասխան հոկտեմբերի 1-ի Իրանի հարձակմանը:
Թեհրանի օդանավակայաններն աշխատում են նորմալ ռեժիմով, սակայն առավոտյան Իրանում չեղարկվել են թռիչքները մինչև «հետագա ծանուցում»: Հարևան Իրաքը նույնպես դադարեցրել է թռիչքները: Ավելի ուշ, ինչպես հաղորդում է Irna-ն, Իրանը վերսկսել է թռիչքների ընդունումն ու մեկնումը 09:30-ից (Երևանի ժամանակով) սկսած։
ԱՄՆ-ի արձագանքը
Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որ Իսրայելն ինքնապաշտպանության նպատակով հարվածներ է հասցնում Իրանի ռազմական օբյեկտներին։ Reuters-ը հայտնել է, որ ԱՄՆ-ն ներգրավված չէ հարձակմանը: Դեպքի մասին տեղեկացվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նա հետևում էր իրադարձություններին Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում գտնվող իր տնից: Սպիտակ տան վարչակազմը կոչ է արել Իրանին չպատասխանել Իսրայելի ներկայիս հարվածին և հայտարարել, որ Թել Ավիվի այս գործողությունը համարում են երկու կողմերի միջև ռազմական առճակատման ավարտ։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Իսրայելի իր գործընկեր Յոավ Գալանտի հետ զրույցում վստահեցրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է պաշտպանել հրեական պետությունը։
Հոկտեմբերի 1-ին Իրանը զանգվածային հրթիռային հարձակում էր իրականացրել Իսրայելի վրա։ Հարվածի ժամանակ արձակվել էր շուրջ 180-200 հրթիռ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանը պատասխան կստանա։ Հոկտեմբերի 6-ին Թեհրանը հայտարարել էր Իսրայելի հնարավոր գործողություններին արձագանքելու ծրագրերի նախապատրաստման մասին։
Իսրայելը Լիբանանի ուղղությամբ ֆոսֆորային զենք է կիրառել
Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող էն-Նակուրա բնակավայրին՝ կիրառելով ֆոսֆորային զինամթերք, հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։ ԶԼՄ-ի...