Հաջորդ տասնամյակում գազի արդյունահանումն ավելացնելու Ադրբեջանի ծրագրերը խաթարում են կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրի նպատակները, հայտարարել է Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը։
Կազմակերպությունը կոչ է արել Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին (COP29) մասնակցող երկրներին ընդդիմանալ հանածո վառելիքի արտադրության ավելացմանն ուղղված Ադրբեջանի կառավարության ջանքերին:
«Ադրբեջանի նախագահ [Իլհամ Ալիևը] հայտարարում է, որ երկրի նավթի և գազի պաշարներն Աստծո պարգև են, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանն իրավունք ունի ավելացնել արդյունահանումը»,- ասվում է զեկույցում։
HRW-ն ընդգծել է, որ համաշխարհային կլիմայական նպատակներին հասնելու համար նավթի, գազի կամ ածխի նոր նախագծերից հրաժարվելու շուրջ կոնսենսուսն անհնար է:
Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով 2015 թվականի Փարիզյան համաձայնագիրը կարգավորում է մթնոլորտում ածխաթթու գազի նվազեցման միջոցառումները: Դրա մասնակիցները պարտավորվել են մշակել ազգային ռազմավարություններ՝ զրոյական ածխածնային տնտեսությանն անցնելու համար, որի հետ կապված արդյունաբերությունը չպետք է այրի հանածո վառելիքը և ջերմոցային գազեր արտանետի մթնոլորտ:
2022 թվականի հուլիսին Ադրբեջանը և Եվրամիությունը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։ 2022 թվականի հոկտեմբերին Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն մտադիր է մինչև 2027 թվականը կրկնապատկել գազի մատակարարումները Եվրոպա: Արարողությանը ներկա Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն Ադրբեջանին անվանել էր ԵՄ հուսալի և առանցքային գործընկեր։