Առնվազն վեց մարդ է զոհվել Լիբանանի հարավում գտնվող Տիր քաղաքի մերձակայքում իսրայելական օդուժի ավիահարվածի հետևանքով, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Hadath հեռուստաալիքին։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսրայելական հարվածը հասցվել է Բուրջ էշ Շիմալի փախստականների ճամբարին։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 26-ին Լիբանանի քաղաքների և բնակավայրերի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 19 մարդ, վիրավորվել՝ 108-ը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանին Իսրայելի հարվածի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին:
Հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության ուժերն ավիահարվածներ էին հասցրել Իրանում հրթիռների արտադրության օբյեկտներին և նրա «երկիր-օդ» հրթիռների տեղամասերին։ Գործողությունն ստացել էր «Ապաշխարության օրեր» ծածկանունը։
Հոկտեմբերի 1-ին Իրանը զանգվածային հրթիռային հարձակում էր իրականացրել Իսրայելի վրա։ Հարվածի ժամանակ արձակվել էր շուրջ 180-200 հրթիռ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանը պատասխան կստանա։ Հոկտեմբերի 6-ին Թեհրանը հայտարարել էր Իսրայելի հնարավոր գործողություններին արձագանքելու ծրագրերի նախապատրաստման մասին։