Հոկտեմբերի 26-ի Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո Եվրախորհրդարանը մտադիր է քննարկել երկրի հետ հարաբերությունների հարցը, X-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Նա հայտնել է, որ հարցը կընդգրկվի Բուդապեշտում ԵԽ ոչ պաշտոնական նիստի օրակարգում։
«Եվրոպական խորհուրդը նոյեմբերին կայանալիք նիստում կգնահատի ստեղծված իրավիճակը և կորոշի Վրաստանի հետ հարաբերություններում հետագա քայլերը»,- նշել է Միշելը։
Նա ընդգծել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններում թույլ տրված խախտումների օպերատիվ, արագ, թափանցիկ և անկախ հետաքննության անհրաժեշտության մասին։
«ԵԽ-ն ի գիտություն է ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության՝ ընտրությունների նախնական գնահատականը»,- հավելել է Միշելը։
Եվրոպական խորհրդի նախագահը Վրաստանի ղեկավարությանը կոչ է արել Եվրախորհրդի նիստերում հունիսին և հոկտեմբերին արված հայտարարություններից հետո հաստատել հավատարմությունը եվրոպական ուղեգծին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն, իր հերթին, կոչ է արել Վրաստանի խորհրդարանական ընտրություններում գրանցած խախտումների վերաբերյալ միջազգային հետաքննություն անցկացնել։
«Միջազգային դիտորդներն ազատ և արդար չեն ճանաչել արդյունքները։ Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում ենք միջազգային ու տեղական դիտորդների կոչերին՝ ընտրությունների հետ կապված խախտումների մասին բոլոր հաղորդումների ամբողջական հետաքննություն անցկացնելու համար»,- ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Բլինքենը «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրել է պետական ռեսուրսներն օգտագործելու մեջ և հայտարարել, որ ընտրությունների արդյունքները վստահության արժանի չեն:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի էին ունեցել հոկտեմբերի 26-ին: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական տեղամասերի 99,97% տվյալների մշակման արդյունքներով իշխող «Վրացական երազանքը» հավաքել էր ձայների 53,92%-ը։ Խորհրդարան անցած 4 ընդդիմադիր ուժերը չէին ընդունել արդյունքները։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չէր ճանաչել ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ դրանք կեղծվել են։ Նա բողոքի ակցիա անցկացնելու կոչ էր արել։