Հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարության երկրորդ մասնաշենք մուտք գործելով գույք վնասելու և խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով Երևանի 36-ամյա բնակիչ է ձերբակալվել, հայտնում են Քննչական կոմիտեից։ ՔԿ-ն տեղեկացրել է, որ նա ժամը 23:07-ին մուտք է գործել ՀՀ նախարարությունների շենք և դրսևորել ագրեսիվ վարքագիծ։
«36-ամյա տղամարդը մուտք է գործել ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենք, պահանջել հանդիպում ՀՀ արտգործնախարարի հետ, արտահայտել դժգոհություններ։ Ծառայություն իրականացնող ոստիկանի և նշված անձի միջև առաջացել է վիճաբանություն։ Տեսնելով, որ նշված անձը ոչ ադեկվատ և ագրեսիվ պահվածք է դրսևորում, ոստիկանը դուրս է հանել իրեն ամրակցված ծառայողական ատրճանակը, որից հետո տղամարդը հեռացել է։ Հետո նա մուտք է գործել դիմացի մասնաշենքի ընդունարան, որտեղ, չենթարկվելով ոստիկանության ծառայողի հեռանալու վերաբերյալ պահանջին, բռունցքով հարվածել և կոտրել է պահակակետի մոնիտորը, ապա աստիճաններով բարձրացել վերև, գետնին գցել պատին փակցված նկարներ, պոկել ծրարների համար նախատեսված արկղերը։ Նա պոկել և տեղաշարժել է կավե արձանիկը, որից հետո նրան վնասազերծել են»,- հավելել են ՔԿ-ից։
Ըստ ՔԿ-ի` քաղաքացին ՀՀ կառավարության երկրորդ մասնաշենք է հասել իր կողմից առևանգված ավտոմեքենայով, կայանել է Հանրապետության հրապարակի կենտրոնում, ապա դիմել փախուստի: Իրավապահները «Կամազ» մակնիշի բենզատար մեքենան հայտնաբերել են Հանրապետության հրապարակում: ՔԿ-ում պարզել են, որ նշված բենզատարը պատկանում է «Մուլտի Գրուպ»-ին (ՔԿ-ի հրապարակած լուսանկարներում երևում է ընկերության տարբերանշանն -խմբ․)։ Նշվում է, որ բենզատարի պահոցում բենզին չկար:
Ըստ ՔԿ-ի, միաժամանակ ոստիկանությունը հաղորդում էր ստացել այն մասին, որ անհայտ քաղաքացին Երևան-Սևան մայրուղում գտնվող բենզալցակայանից առևանգել է անհայտ մակնիշի բենզատար և հեռացել անհայտ ուղղությամբ։
«Քաղաքացին հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին՝ ճանապարհին բղավելով, որ բենզատար մեքենայով եկել է Հանրապետության հրապարակ, որպեսզի այն պայթեցնի»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք։
Դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին (ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 ժամկետով), 264-րդ հոդվածի 1-ին (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 ժամկետով) և 297-րդ հոդվածի 1-ին մասերով (խուլիգանությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 ժամկետով)։