Գյումրիի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն իշխող ուժի պատգամավոր Կարեն Սարուխանյանն է, որը նախկինում զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Սարուխանյանը նաև Գյումրիի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է։
Թերթը հիշեցրել է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 28-ին հրաժարական էր տվել։ Միաժամանակ՝ հրաժարական էին տվել նաև «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։
«Եթե ավագանին արտահերթ նիստով իր անդամներից համայնքապետ չընտրի, ապա կուսակցությունը նոր թեկնածու է առաջադրելու, իսկ ՔՊ-ն այդ պաշտոնի համար դիտարկում է Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահին»,- Սարուխանյանի խոսքերը մեջբերել է թերթը։
Թերթը հստակեցրել է, որ եթե հոկտեմբերից-դեկտեմբեր ամիսներին Գյումրիի ավագանին նիստ չգումարի, ապա կլուծարվի և ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն։ Ըստ թերթի՝ եթե համայնքի ղեկավար ընտրելու համար նիստ գումարվի և համայնքապետ չընտրվի, ավագանին այդ դեպքում էլ է լուծարվելու:
Սամսոնյանը Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության քաղաքապետի թեկնածուն էր։ Նա քաղաքապետ էր դարձել 2021 թվականի նոյեմբերին։ Սամսոնյանի թեկնածությունը պաշտպանել էին «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները:
Հոկտեմբերի 16-ին Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ իրավապահները Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում են կայացրել։ Ըստ աղբյուրի՝ Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար։ Գործով մեղադրյալ է նաև նախկին քաղաքապետի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։
Հոկտեմբերի 11-ին Armlur.am-ը հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից իրավապահները բերման էին ենթարկել նախկին քաղաքապետի որդուն և տարել Հակակոռուպցիոն կոմիտե։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունն Armenia Today-ին հայտնել էր, որ իրենց մոտ նման դատական գործ առկա չէ։
Հոկտեմբերի 24-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» հայտնել էր, որ իշխանությունը Գյումրիում պատրաստվում է արտահերթ ընտրությունների, և թեկնածուի հարցը հստակեցրել են։