«Գոյ» թատրոնի դերասանները հոկտեմբերի 28-ին գիշերել են թատրոնի շենքում, որը 2023-ին կառավարությունը որոշել էր միավորվել նույն տարածքում գտնվող Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ։
Դերասանները շարունակում են բողոքել թատրոնների միավորման դեմ։
Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը հայտնել է, որ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել։
«Տնօրենը հաղորդում է ներկայացրել՝ ասելով, թե, իբր, ապօրինի կերպով ներխուժում է տեղի ունեցել թատրոնի շենք, և մեր ակցիան ինքնիրավչություն է։ Ոստիկանությունը, քննելով իրավիճակը, ընթացք չի տվել հաղորդմանը»,- ասել է նա։
Դերասանը նշել է, որ ոստիկանները եկել են թատրոնի շենք։ Դերասաններն իրավապահների հետ բանակցությունների արդյունքում ակցիան շարունակելու շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։ Տեր-Մաթևոսյանի խոսքով՝ մինչև պատկան մարմինների ներկայացուչների հետ հանդիպում չլինի և իրենց հարցերին պատասխաններ չտրվեն, մնալու են թատրոնի շենքում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում լրագրողներին ասել է, որ դերասանների քայլն իր համար տրամաբանությունից դուրս է։
Նա նշել է, որ իրավապահները դերասանների ակցիային ի պատասխան՝ պետք է քայլեր ձեռնարկեն։
Անձնակազմը 2024-ի հունվարին անվստահություն էր հայտնել «Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սիմոնյանին, իսկ ավելի վաղ դիմել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության՝ թատրոնը լուծարելու և Սունդուկյանի անվան թատրոնին միավորելու որոշումը։
2024-ի ապրիլին դերասաններն ակցիա էին իրականացրել ու հայտարարել էին, որ այս տարվա մարտի 24-ից չեն կարողացել օգտագործել իրենց հին անցագրերը շենք մտնելու և աշխատանքը շարունակելու համար։
Մանրամասները՝ տեսանյութերում։