«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն այսօր նախատեսված նիստում կքննարկի Արդարադատության նախարարի թեկնածուների հարցը, լրագրողներին հայտնել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Այսօր վարչության նիստ է լինելու։ Նիստից հետո վարչության լիազորված իմ գործընկերները, եթե լինի ընտրություն, դրա մասին անպայման կհայտարարեն։ Ընտրություններին տարբեր քննարկումների «ռաունդներ» են տեղի ունեցել, կային թեկնածուներ, որոնք ինքնաբացարկ են հայտնել։ Վարչությունը քննարկել է և որոշում չի կայացրել։ Ես կարծում եմ, ըստ էության, նորմալ գործընթաց է»,- նշել է Կոնջորյանը։
Նա հրաժարվել է հայտնել Արդարադատության նախարարի թեկնածուների անունները։
«Դրա մասին կարող եք հարցնել կա՛մ մեր կուսակցության վարչության գործընկերներին, կա՛մ արդյունքների մասին իրենք կտեղեկացնեն»,- հավելել է ՔՊ ներկայացուցիչը՝ վստահեցնելով, որ ՔՊ-ն կադրային բազա ունի։
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ խմբակցությունում ստորագրահավաք են սկսել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականի պահանջով։ Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 2-ի հրամանագրով պաշտոնանկ էր արել նախարարին:
ՔՊ կուսակցության վարչությունը հոկտեմբերի 22-ի նիստում երկրորդ անգամ Արդարադատության նախարարի թեկնածու չէր ընտրել, թեպետ ՔՊ խմբակցության պատգամավոր, նախարարի թեկնածու Արմեն Խաչատրյանն Armenia Today-ին չէր բացառել, որ նախարարի նշանակման հարցը կարող է լուծվել հոկտեմբերի 22-ի երեկոյան։ Հոկտեմբերի 14-ին Խաչատրյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ ընդունել է նախարարի պաշտոնում իր թեկնածության առաջարկը։ Հոկտեմբերի 23-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Արդարադատության նախարարի նախընտրելի թեկնածու դեռ չկա։
Հոկտեմբերի 25-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Արդարադատության նախարարի թեկնածու է դիտարկում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանին։